Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. փաստաբան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Այսօր երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը եւ ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ եւ դատախազությանը»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:
2019թ.-ի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում, նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել ու այն կնիքվել էր։