«Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած մարդն իրավունք չունի ուրիշին մեղադրելու այդ գործընթացում». Կարեն Սիմոնյան
Այսօր արդեն ունենք 697 վարակակիր, եթե պարոն Թորոսյանը ճիշտ է աշխատում, ապա ինչո՞ւ են թվելը գնալով աճում, ո՞րն է պատճառը, էլի քաղաքացի՞ն է մեղավոր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը` անդրադառնալով կորոնավիրուսի դեմ տարած աշխատանքներին, եւ թե որքանով են դրանք արդյունավետ:
«Մենք հորդորել էինք բացել տրանսպորտը` պահպանելով անվտանգության բոլոր նորմերը` հույս ունենալով, որ իշխանությունն ունի միջոցներ` վերահսկելու այդ գործընթացը: Բայց ինչպես տեսնում ենք վերջինս չունի վերահսկելու, ոչ էլ նույնիսկ ճիշտ կազմակերպելու ունակություն»,-ասաց նա:
Կարեն Սիմոնյանի խոսքով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ոչ ճիշտ աշխատանքը նպաստում է վարակակիրների թվաքանակի աճին: Ըստ նրա` պետք է կարողանալ ճիշտ վերահսկողություն սահմանել խնդրի հնարավոր ռիսկերը կանխելու համար:
«Մենք մեր պետության թշնամին չենք, որ ուզենք իրենց վատը, մենք ուզում ենք, որ բոլոր մարդիկ հնարավորության սահմանում ստանան առողջապահական օգնություն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում: Մենք ուզում ենք առողջապահական համակարգը աշխատի այնպես, ինչպես խոստացել էր: Եթե նախարարը չի կատարում իր խոստումները եւ տապալում է այդ ամբողջ գործընթացը, մենք չենք մեղավոր, իզուր է սլաքները մեզ վրա ուղղում: Ֆեյսբուքում ստատուս գրելու փոխարեն ճիշտ կլինի գնա մտածի, թե հիվանդանոցային բազան ինչպե՞ս է մեծացնելու, որտեղի՞ց է գումար հայթայթելու, քանի որ պատճառների դեմ պայքարելու համար մենք այլեւս հնարավորություն չունենք: Պետք է պայքարենք նախ եւ առաջ վերացնելու համար հետեւանքները: Իսկ դրա փոխարեն նախարարը «Լուսավոր Հայաստանի» դարդն է լալիս»,-ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք իրենց ճանապարհն ու օրակարգն ունեն:
«Իմացեք` լավ աշխատեք, պարո´ն Թորոսյան` մենք լավն ենք ասելու, վատ աշխատեեք` վատը»,- ասաց նա:
Անդրադառնալով երեկ Արսեն Թորոսյանի «Լուսավոր Հայաստանի» դեմ ուղղված ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս նշում էր, թե ԼՀԿ-ն իր իսկ քաղաքական գերեզմանը փորող կուսակցություն է, Կարեն Սիմոնյանը ասաց. «Եկեք դա թողնենք իր խղճին ու հայեցողությանը, ժամանակը ցույց կտա, թե ով է իր համար քաղաքական գերեզման փորում: Այս պահի դրությամբ այն մարդը, որը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը իրավունք չունի ուրիշին մեղադրելու այդ գործընթացում»: