«Թալիբանը» շարունակում է կապ պահպանել «Ալ Քաիդայի» հետ. ՄԱԿ
«Թալիբան» արմատական շարժումը դեռեւս շփումներ է պահպանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, չնայած ԱՄՆ-ի հետ խաղաղ համաձայնագրին, նշված է ՄԱԿ զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ զեկույցի համաձայն՝ Wall Street Journal պարբերականի հրապարակած տեղեկությամբ ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունների ընթացքում թալիբները բարձր մակարդակով առնվազն 6 հանդիպում են ունեցել «Ալ Քաիդայի» անդամների հետ: Այս ահաբեկչական կազմակերպության առաջնորդները, ինչպես նաեւ հարյուրավոր զինյալներ դեռեւս Աֆղանստանում են:
«Դեռեւս Աֆղանստանում է «Ալ Քաիդայի» բարձրագույն ղեկավարությունը, ինչպես նաեւ հարյուրավոր զինյալներ… «Թալիբանի», հատկապես «Հաքանի ցանցի» եւ «Ալ Քաիդայի» միջեւ կապերը շարունակում են մնալ սերտ, դրանք հիմնված են բարեկամության, ընդհանուր պայքարի պատմության, գաղափարական համերաշխության եւ խառնամուսնությունների վրա»,- նշված է զեկույցում:
Փետրվարի վերջին Կատարում արարողության ժամանակ ԱՄՆ-ն եւ «Թալիբանը» ստորագրել էին ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում խաղաղության առաջին համաձայնագիրը, որով նախատեսվում է Աֆղանստանից 14 ամսում օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ մարտին գերիների փոխանակման գործարքից հետո միջաֆղանական երկխոսության մեկնարկ: