Երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, որում ոստիկանները «ասֆալտին են փռում» քաղաքացուն, իսկ քաղաքացին բղավում էր՝ «արա խի՞, ի՞նչ եմ արել». Պարզաբանում
Երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, որում ոստիկանները «ասֆալտին են փռում» քաղաքացուն: Իսկ քաղաքացին բղավում էր՝ «արա խի՞, ի՞նչ եմ արել»։
Այսօր ոստիկանությունը պարզաբանում է տարածել այդ տեսանյութի կապակցությամբ, որում ասվում է.
«Համացանցում տարածվել է մի տեսանյութ, ուր ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։
Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։
Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել է ոստիկանության տարածքային բաժին։
Պարզվել է, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ։
Առանց ԱՊՊԱ պայմանագրի և առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։