Ֆեդերերը տարեկան եկամուտով առաջ է անցել Ռոնալդուից եւ Մեսիից
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն առաջին անգամ գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը՝ Forbes-ի վարկածով։ Մինչեւ հարկերի վճարումը Ֆեդերերը նախորդ 12 ամսում վաստակել է 106,3 միլիոն դոլար՝ պարգեւավճարներ (6,3 միլիոն) եւ գովազդային եկամուտներ (100 միլիոն)։ Ֆեդերերը Forbes-ի վարկանիշը գլխավորած առաջին թենիսիստն է։
Նա առաջ է անցել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (105 միլիոն դոլար) եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից (104 միլիոն դոլար)։
Տասնյակում են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը (95,5), ամերիկացի բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը (88,2), Ստեֆեն Կարին (74,4), Կեւին Դյուրանտը (63,9), ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը (62,3), ամերիկյան ֆուտբոլի խաղացողներ Քիրկ Քազինսը (60,5) եւ Քարսոն Վենթցը (59,1)։