Նորվեգացիներն իրենց ննջասենյակի տակ վիկինգի գերեզման են գտել
Բուդե քաղաքից նորվեգացի զույգը իր տան վերանորոգման ժամանակ գտել է վիկինգների դարաշրջանի գերեզման: Ենթադրաբար, գտածոն 1000 տարեկան է, հայտնում է Bodonu պորտալը:
Հայտնագործությունը կատարվել է ննջասենյակի հատակը բացելիս, որտեղ Մարիան Քրիսթիանսենը եւ նրա ամուսինը պատրաստվում էին տաքացնող միջոց տեղադրել: Հատակի տախտակների տակ հայտնաբերվել է քարերի կույտ, այն հավաքելու ժամանակ գտնվել է մանկական խաղալիքի անվի նման իր եւ մեծ երկաթե կացին: Ամուսինները ենթադրել են, որ գտածոն կարող է պատմական նշանակություն ունենալ, եւ կապ են հաստատել Նուրլանդ շրջանի վարչակազմի հետ, որը պատասխանատու է մշակութային ժառանգության համար:
Մասնագետները սկսել են պեղումներ կատարել, որոնց ընթացքում եկել են այն եզրակացության, որ տան տակ գտնվում է վիկինգների դարաշրջանի գերեզմանոց: Հնագետ Մարտինուս Հաուգլին հստակեցրել է, որ գերեզմանոցը պատկանում է 10-րդ դարին: Գտնված իրերն արդեն ուղարկել են հետագա հետազոտման: