Մեզ մոտ «սև ցուցակ» չկա, կա թիմ, կա մարտավարություն, կա քաղաքական ընդհանուր ընկալում, բայց չի բացառվում, որ որևէ պատգամավոր մանդատը դնի՝ ինչ-ինչ պատճառներով. Ալեն Սիմոնյան
Նման կոնկրետ անձի հետ կապված ես այսօր հայտարարություն չեմ կարող անել, բայց չի բացառվում, որ որևէ պատգամավոր մանդատը դնի՝ ինչ-ինչ պատճառներով, նաև այլ պաշտոնի անցնելու պատճառով: Այս մասին մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորների հարկադրում են դնել մանդատը:
«Մեզ մոտ «սև ցուցակ» չկա, կա թիմ, կա մարտավարություն, կա քաղաքական ընդհանուր ընկալում:
Սև ցուցակ չի կարող լինել, որովհետեւ շատ հաճախ անուններ են նշում «Իմ քայլի» այս կամ այն պատգամավորի վերաբերյալ, բայց անցնում է մի ամիս, մի քանի ամիս, մի քանի տարի, պարզվում է՝ այդպես էլ բան չփոխվեց: Ցավոք սրտի, դրա համար ոչ մեկը պատասխան չի տալիս, եւ ես ցավոք սրտի չեմ կարող բարձրախոսով այդ հարցը տալ, թե էն ժամանակ որ գրում էինք, ինչի՞ դա չեղավ»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ «Հրապարակ» թերթը գրել է. Նիկոլի «սև ցուցակն» ընդարձակվել է, այնտեղ տեղ են գտել անուններ «Իմ քայլից». Ցանկը տրվել է իրավապահներին, որ «դոսյե» հավաքեն: