Ֆրանսիան արգելել է հիդրոքսիքլորոխինը որպես COVID-19-ով պացիենտների բուժման միջոց
Ֆրանսիական կառավարությունը չեղարկել է հրամանագիրը, որը թույլ է տալիս հիվանդանոցների բժիշկներին, որպես COVID-19-ով պացիենտների բուժման միջոց, նշանակել հիդրոքսիքլորոխին, հայտնում է Reuters-ը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցնում է մալարիայի դեմ դեղամիջոցի զանգվածային փորձարկումը COVID-19-ով պացիենտների վրա։
Հրամանագրի չեղարկումը, որը փաստացի նշանակում է, որ դեղամիջոցն այժմ արգելված է, հայտարարվել է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ եւ հաստատվել է առողջապահության նախարարության կողմից։
Մարտի վերջին Ֆրանսիան թույլ էր տվել հիդրոքսիքլորոխինի օգտագործումը, որը մալարիայից բացի, թույլատրվում է գայլախտի եւ ռեւմատիկ արտրիտի բուժման համար, հատուկ իրավիճակներում՝ նոր կորոնավիրուսով պացիենտների համար։
Բրիտանական The Lancet բժշկական ամսագիրը հայտնում է, որ հիդրոքսիքլորոխին ստացած պացիենտների մոտ մահացության բարձր ցուցանիշ եւ ոչ պարբերական սրտխփոց է եղել։