Հնդկաստանում դժոխային շոգ է սկսվել
Հնդկաստանում օդի ջերմաստիճանը տեղ-տեղ հասնում է 50°C-ի, իսկ մայրաքաղաքը ամենաշոգ մայիսն է ապրում վերջին 20 տարիների ընթացքում, հայտնում է AFP-ը։
Շոգ եղանակը վտանգ է ներկայացնում աշխարհում բնակչության թվով երկրորդ երկրի համար, եւ ՄԱԿ-ը այս շաբաթ նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը մեծացրել է սրա հետ կապված առողջական ռիսկերը։
Հնդկական օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հյուսիսային Ռաջաստհան նահանգում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 50°C-ի, եղանակը ամենաշոգն է եղել դիտարկումների պատմության ողջ ընթացքում։
Մայրաքաղաք Նյու Դելիի որոշ հատվածներ 18 տարվա ընթացքում ամենաշոգ օրն են գրանցել մայիսին, երբ ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 47,6°C։
Այս տարի դեռեւս չի գրանցվել շոգից մահվան որեւէ դեպք, սակայն անցյալ տարի շոգի պատճառով մահացել է 3500 մարդ։
1,3 մլրդ բնակչությամբ երկիրը նաեւ տառապում է ջրի սուր անբավարարությունից, տասնյակ միլիոնավոր մարդիկ ջրագիծ չունեն։