Մենք չենք բոյկոտել ԱԺ նիստերը, մենք ասել ենք՝ հիմա դուրս ենք գալիս. Մարուքյան
Մենք չենք բոյկոտել ԱԺ նիստերը, մենք ասել ենք, հիմա դուրս ենք գալիս եւ սպասում ենք քաղաքական եւ իրավական գնահատականների: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստանը» չէր մասնակցում ԱԺ նիստերին, բայց հիմա վերադարձել է:
«Քաղաքական գնահատականը անմիջապես իմ ելույթից հետո տվել է վարչապետը, որ մոտավորապես ասել է՝ լավ ենք արել, պադյեզդներում կփռենք ասֆալտին: Իրավական գնահատական էլ շաբաթ օրն է եղել, որ քրգործի հարուցումը մերժվում է: Դրանից հետո եկել ենք: Մենք ուզում էինք տեսնել, թե արդյոք այս իշխանությունը պատրաստ է իր սխալներից դասեր քաղել, ինքն իր մեջ դատապարտի սխալ գործողներին, ոչ թե ինքն իր մեջ զբաղվի թայֆայաբազությամբ: Այսինքն, եթե մերոցական է, լավ է արել, մերոնցական չի՝ եկեք դատենք: Օրինակ, հեծանիվով պատգամավորին խփելու համար քրգործ է հարուցվել, իսկ այս պարագայում չի հարուցվել»,-ասաց Մարուքյանը: