Ռադայի պատգամավորի դին, հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նրա սեփական գրասենյակում
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վալերի Դավիդենկոյին, որը «Վստահություն» պատգամավորական խմբի անդամ է, մահացած են գտել սեփական գրասենյակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր Իլյա Կիվան։
«Հենց նոր ժողովրդական պատգամավոր Դավիդենկո Վալերի Նիկոլաեւիչի գրասենյակում հայտնաբերվել է նրա դին՝ հրազենային վնասվածքով։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնում է նա։
Տեղեկատվությունը հաստատել է նաեւ նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը։ Նրա խոսքերով՝ Վալերի Դավիդենկոն մի քանի կոռուպցիոն գործարքների եւ քրեական գործերի մասնակից է, հայտնում է 112.ua-ն։
Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» թերթի աղբյուրների՝ մարմնի կողքին զենք է գտնվել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել իրավապահները, որոնք պարզում են միջադեպի մանրամասները։