Այո, ես կոչ եմ արել, որ ձևավորվի հակաճգնաժամային կառավարություն. Գործող իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, երկիրը քաոսային վիճակում է․ Արթուր Վանեցյան
Այո, ես կոչ եմ արել, որ ձևավորվի հակաճգնաժամային կառավարություն, որովհետև երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այսօր գործող իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, երկիրը քաոսային վիճակում է։ Այս մասին «Հրապարակ» թերթին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ՝ «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է հետևյալը՝ «Ժողուվուրդ ջան, մենք ձախողեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Այս համավարակը լակմուսի թղթի դեր խաղաց։ Եղավ համավարակ, և մենք հասկացանք, որ երկիրն ուղղակի չի կառավարվում, երկրում չկան պրոֆեսիոնալներ, երկրում չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը, և բաժանարար գծերը, որոնք ուղղակի անթույլատրելի են», ասել է Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, որ Հայաստանում կան շատ անհատներ, նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, «որոնք արհեստավարժ են, որոնք հայրենասեր են, և որոնք առանց պարգևավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին և իրենց նպաստը բերել հայրենիքի զարգացմանը»։