Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդություններից մահացածները չեն դիահերձվել․ նախարար
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդությունների պատճառով մահացածները չեն դիահերձվել: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բազմիցս ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ մահվան պատճառը միշտ չէ, որ դրվում է դիահերձման հիման վրա՝ այդ թվում կորոնավիրուսային վարակից առաջ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է գործադիրում վարակակիրների մասին լուրերին, ըստ Թորոսյանի՝ Կորոնավիրուսային վարակակիրներ կան թե՛ առողջապահության նախարարությունում, թե՛ հարևան նախարարություններում։
«Ունենք վարակակիր մեր եւ հարեւան նախարարություններում։ Ունենք կոնտակտավորների շրջանակ, ինքնամեկուսացածներ։ Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում որոշում է կայացվում ինչ-որ մեկին թեստավորել, ինչ-որ մեկին չթեստավորել, որովհետեւ կարիք չկա»,- ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ որոշ մարդկանց ԱՆ-ում հրաժարվում են թեստավորել։
«Այս թեստամոլուցքը ինձ արդեն նույնիսկ դադարել է զարմացնել, բայց մեկ-մեկ զայրացնում է։ Թեստը պանացեա չի։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի։ Այսօրվա արած թեստը ոչ մի երաշխիք չի, որ դու վաղը չես վարակվելու։ Հետեւաբար թեստով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումերը չի կարելի, թեստը ընդամենը բժշկական եւ էպիդ ցուցումներով արվող եւս մեկ միջոցառում է, որպեսզի բացահայտես հիվանդներին։ Եվ դրանով ոչինչ չի սահմանափակվում, հակառակը, մենք թեստավորված քաղաքացուն ասում ենք՝ դու առավել զգույշ պետք է լինես, որովհետեւ դու էս պահին վարակված չես, վաղը կարող ես վարակվել, կամ՝ արդեն վարակված ես, բայց մենք քեզ դեռ չենք հայտնաբերել․ դու կարող ես լինել վարակակիր վաղը»,- նշեց նախարարը։