Արցախում մահացած 20-ամյա զինծառայողը Լոռու մարզի Գուգարք համայնքից էր (Լուսանկարներ)
Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանը Լոռու մարզի Գուգարք համայնքից է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը։
«Իրենց համար աշխատող, ապրող ընտանիք են, մեկ եղբայր ու մեկ քույր, քույրն ուսանող է»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Հենրիկը մեկուկես տարվա ծառայող էր։
Հիշեցնենք, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել էր գլխի շրջանում։ Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: