Ֆրանսիային առաջարկել են վաճառել «Մոնա Լիզա»-ն, որպեսզի փոխհատուցվեն համավարակի հետեւանքով ֆինանսական կորուստները
Ֆրանսիան կորոնավիրուսի համավարակի հետեւանքով իր ֆինանսական վնասները կարող է փոխհատուցել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցը վաճառելով։ Նման միտք է արտահայտել Fabernovel տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Ստեֆան Դիստինգուինը, հայտնում է Independent-ը։
Նրա խոսքերով՝ Ֆրանսիան կարող է առնվազն 50 մլրդ եվրոյով «վաճառել ընտանեկան զարդերը»։ «Օրեցօր այս անկման պատճառով մենք միլիարդներ ենք կորցնում»,- Usbek & Rica ամսագրին տված հարցազրույցում ասել է Դիստինգուինը՝ հավելելով․ «Որպես գործարար եւ հարկատու՝ ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ մենք ստիպված կլինենք վճարել այդ միլիարդները։ Ակնհայտ ռեֆլեքս է արժեքավոր ակտիվի վաճառքը հնարավոր առավելագույն գնով, սակայն մեր ապագայի համար նվազագույն քննադատությամբ»։
«Եվ մենք շատ նկարներ ունենք: 2020-ին մենք պետք է գումար ստանանք այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Այնպես որ, վաճառեք ընտանեկան զարդերը... Գինը հարցի էությունն է եւ սակարկումների գլխավոր առարկան: Գինը պետք է լինի խելահեղ, որպեսզի դա իմաստ ունենա: Իմ գնահատականներով՝ «Մոնա Լիզա»-ի ձեռքբերման համար կպահանջվի առնվազն 50 միլիարդ եվրո»:
Նա նաեւ ենթադրել է, որ «Մոնա Լիզա»-ն կարող է «թոքենիզացվել» կրիպտոարժույթի օգնությամբ, որը թույլ կտա հեշտությամբ փոխանակել նկարը ժողովուրդների միջեւ։
«Դա նման կլինի մեծ համաշխարհային բաժանորդագրության,- բացատրել է նա,- Իրավաբանորեն եւ տեխնիկապես այդ որոշումը կունենա շատ առավելություններ՝ այն թույլ կտա Ֆրանսիային եւ Լուվրին պահպանել նկարի վերահսկողությունը: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ այս հնարքը կարժանանար մեծն Լեոնարդո դա Վինչիի հավանությանը, որը նույնպես տիրապետում էր իր ժամանակի բոլոր գիտություններին եւ տեխնոլոգիաներին»: