Լկտիության հավասարվող արարքներ են անում քաղաքում. Արմեն Խաչատրյանը` ՃՈ ծածուկ ծառայության մասին
Ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթեւեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին։
«Օրինակ, լկտիության հավասարվող արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, եւ մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլեւս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,– ասաց նա։
Պատգամավորը շեշտում է` ճանապարհային ոստիկանությունը երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այսպիսի ծառայություն: Ըստ Խաչատրյանի` անկարգ վարորդների մի խումբ կա, ովքեր քաղաքում թույլ են տալիս բավականին լուրջ խախտումներ, անկարգություններ, խուլիգանական դրսեւորումներին մոտ արարքներ` օգտվելով այն հանգամանքից, որ օրվա ոչ բոլոր ժամերին են ոստիկանները կարողանում ծառայություն իրականացնել. «Այս երեւույթներն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը: Գիշերվա ժամերին Երեւանում դրիֆտներ են կազմակերպում, երթեւեկում են անհասկանալի արագությամբ` ստեղծելով վթարային իրավիճակներ, ինչը շատ հաճախ բերում է մահվան ելքով դեպքերի: Թիրախավորված են հենց այսպիսի խուլիգանական արարքներով աչքի ընկնող վարորդները»,- ընդգծեց Խաչատրյանը:
Պատգամավորը անհիմն է համարում ծածուկ ծառայության շուրջ քննարկումներն ու դժգոհությունները: Ոստիկանական ուժերը, նրա համոզմամբ, պրոֆեսիոնալ են, եւ գիտեն, թե պայքարի ինչ ձեւ ընտրեն:
Մանրամասները` տեսանյութում