«Վարչապետի ասածը ես ո՞նց կարամ քննարկեմ». Արշակ Կարապետյան
Քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են, դրա համար ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ ուղղակի չեմ կարող: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնաիրող քննիչ հանձնաժողովի նիստոից հետո լրագրողների հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը:
Հարցին, թե ինչու են իրեն երկրորդ անգամ հրավիրել Քննիչ հանձնաժողով, նա պատասխանեց. «Այդ հարցը տվեք հանձնաժողովին, ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի: Մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել: Եթե տասը անգամ պետք լինի, 10 անգամ էլ պարտավոր ենք գալ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք լրացուցիչ հարցեր ծագել են Սերժ Սարգսյանի հանձնաժողով գալուց հետո, նա արձագանքեց. «Չեմ կարող նման բան ասել: Ես տեղյակ չեմ՝ ինքն ինչ պատասխաններ է տվել:
Իմ բոլոր տեղեկությունների հետ կապված գաղտնիության խնդիր կա, որովհետեւ Ադրբեջանի համար կարեւոր է իմանալ՝ մեր հետախուզությունն իմացել է, թե ոչ: Երկու պատասխանն էլ շատ կարեւոր է: Եթե չենք իմացել, դա էլ է կարեւոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարեւոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, պաշտպանվել, հարցն այն է, որ սա չենք կարող իրենց ասել»:
Դիտարկմանը, թե վարչապետն ասել էր, թե չի եղել օպերատիվ տեղեկությունների պակաս, Արշակ Կարապետյանն ասաց. «Ինչո՞ւ ես պետք է քննարկեմ վարչապետի ասածը, վարչապետի ասածը ես ո՞նց կարամ քննարկեմ»: