Այս գյուղում ապրելը հերոսություն է. տավուշի մարզպետն այցելել է Բերքաբերում կրակոցներից տուժած բնակչին
Տավուշի մարզպետարանը կաջակցի օրեր առաջ Բերքաբերում հակառակորդի կողմից գնդակոծված ընտանիքի կրած վնասները: Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը այցելել է ընտանիքին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
«Բնականաբար մենք կաջակցենք հնարավոր վնասնարեը վերականգնելու, բայց առավել ընտանիքի զարգացման ծրագրերին կաջակցենք: մեր բանակը միշտ տեղին պատասխան է տալիս եւ մեր անվտանգության երաշխավորն առաջին հերթին մեր բանակն է, բայց շատ կարեւոր է տնտեսությունը զարգացնել: Այս գյուղում ապրելը հերոսություն է եւ մենք փորձում ենք մեր ուշադրությունը սեւեռել այսպիսի բնակավայրերը»,-ասաց նա:
Վնասված տան սեփականատեր Անուշավան Խուդավերդյանն էլ ասում է, որ երեխաները այդքան էլ չեն վախեցել, երեւի չեն էլ հասկացել` ինչ է կատարվել. «Սաղս որոշել ենք, որ չենք հեռանալու, ստեղ ենք մնալու: Պատերազմից հետո գյուղատնտեսությամբ քիչ էին զբաղվում, բայց հիմա Բերքաբերում էլի այգիներ են գցել, մշակում են»: