ԲԴԽ-ն կասեցրել է Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը
Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ մայիսի 15-ին, կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«ԲԴԽ-ն կդիմի Սահմանադրական դատարան՝ 2018թ փետրվարին ընդունված և մինչև 2020թ մարտի 25-ը գործող խմբագրությամբ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ ԲԴԽ անդամ Հայկ Հովաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը կասեցնել՝ մինչև ՍԴ կողմից որոշման կայացումը»,- ասաց Վարդազարյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 23-ին քննարկել էր խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։