Գեղարքունիքի Արփունք գյուղում որոշ տարածքներ ճանաչվեցին բացառիկ գերակա շահ. Արեւային էլեկտրակայան է կառուցվում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատ¬կանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` հանրության գերակա շահ:
Որպես նման որոշման հիմնավորումներ ներկայացված է հետեւյալը.
«Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ
նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ.
Այդ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկություններն ու դիտողությունները և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են:
Նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ն է.