Վրացի սահմանապահները մինչև առավոտյան ժամը 8-ը ժամանակ են տվել Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ).ArmDaily.am
Լարսի անցակետի չեզոք գոտում մնացած ՀՀ քաղաքացիներին վրացի սահմանապահները ստիպում են լքել տարածքը: ArmDaily.am-ի հետ զրույցում ռուս-վրացական սահմանին մնացած կինն ասաց, որ սահմանապահները պահանջել են անհապաղ լքել տարածքը։ «Մեզ մինչև առավոտյան ժամը 8-ը ժամանակ են տվել, ասում են ձեր դեսպանատունը թքած ունի ձեր վրա, չի կարողանում ձեզ օգնել։ Մեզ միայն Նիկոլը կարա ստեղից դուրս բերի, ուրիշ ոչ մեկ չի կարող օգնել»,-ասաց նա։
Նա նշեց նաև, որ փորձել են կապվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ՝ սակայն այնտեղից ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող։
Կինն ասաց, որ ստիպված են լքել տարածքը, բայց առհասարակ չեն էլ պատկերացնում թե ուր պետք է վերադառնան։
Հարցին՝ տեղ ունեք գնալու Ռուսաստանում, որտեղ եք մնալու՝ պատասխանեց՝ «Վոկզալում՝ մեքենաների մեջ։ Հարսս հղի է, չգիտեմ էլ ինչ պետք է անենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ անցած գիշեր վրացի սահմանապահները հարձակվել էին սահմանին մնացած ՀՀ քաղաքացիների վրա։ Իրենք փորձել էին ահազանգել ոստիկանություն, շտապ օգնություն են կանչել, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէին եկել։ Խնդրի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին վերադառնալ նախկինում իրենց բնակության վայր։
Նշենք, որ արդեն 1 ամիսից ավելի է 20-30 ՀՀ քաղաքացիներ չէին կարողանում անցնել վրացական սահմանը՝ Հայաստան վերադառնալու համար։
Նյութի աղբյուրը` ArmDaily.am