Էրդողանի հետ կապված ամսագիրը թիրախ է դարձրել Թուրքիայի քրիստոնյաներին
Թուրքական Gerçek Hayat ամսագիրը հրապարակել է 176 էջանոց հատուկ համար, որը թիրախ է դարձրել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջատար ներկայացուցիչներին: Ամսագրի հատուկ հրապարակման վերնագիրն է․ «FETO. ո՞վ է գլխավոր ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Ամենադաժան ահաբեկչական կազմակերպության 100-ամյա պատմությունը», գրում է Persociation.org-ը:
Ամսագրի համարը, որը, ինչպես սպասվում է, մինչեւ 2020թ․ սեպտեմբեր շրջանառության մեջ կմնա, պնդում է, որ կրոնական փոքրամասնությունների առաջնորդները FETO-ի (այսպես են թուրքական իշխանությունները անվանում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը-խմբ.) հանցակիցներ են։ Հրապարակվել են նաեւ այդ առաջնորդների լուսանկարները:
Հոդվածը հաստատում է, որ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը իբր օգնել է FETO-ին կազմակերպել 2016-ի պետական հեղաշրջման փորձը: Թիրախ են դարձել նաեւ Թուրքիայի գլխավոր ռաբբինը, Կոստանդնուպոլսի նախկին հայ պատրիարքը եւ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը: Մի շարք կրոնական առաջնորդներ դատապարտել են այդ մեղադրանքները՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են ռասիստական հարձակումներ եւ պղծումներ հրահրել: Օրինակ, անցած ուրբաթ հայկական եկեղեցին հարձակման էր ենթարկվել հրկիզողի կողմից։
Gerçek Hayat-ը կապված է Albayrak Holding-ի հետ, որը հայտնի է, որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ կապ ունեցող հսկա հոլդինգ: Նրանք ԶԼՄ-ներում հիմնվում են իսլամիստների վրա եւ հաճախ հետապնդում են քրիստոնյաներին՝ ատելության խոսքի միջոցով:
Քրիստոնյաներին FETO-ի հետ կապելու փորձերը էլ ավելի շատ տագնապ են հարուցում, քանի որ Էրդողանը FETO-ի դեմ մեղադրանքներն օգտագործել է այլախոհներին ձերբակալելու համար, որպեսզի ստիպի երկրին լռել։