Բայդենը Նեբրասկա նահանգում հաղթել է նախնական ընտրություններում
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը ձգտում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել, հաղթել է երեքշաբթի Նեբրասկա նահանգում կայացած նախնական ընտրություններում (փրայմերիզ), հայտնում է The New York Times-ը:
Բայդենը ստացել է ընտրողների 79,2 տոկոսի աջակցությունը: Սենատոր Բեռնի Սանդերսը, որը նախընտրական մրցապայքարից դուրս էր եկել Վիսկոնսին նահանգում փրայմերիզի անցկացումից հետո հաջորդ օրը, ստացել է ձայների 12,0 տոկոսը: Այս ցուցանիշներն արտացոլում են տեղամասերի 29 տոկոսի տվյալները, ձայների հաշվարկը դեռ շարունակվում է:
Բայդենը դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու միակ հավակնորդն է մնացել ապրիլի 8-ին Վերմոնթից սենատոր Բեռնի Սանդերսի նախընտրական պայքարից դուրս գալուց հետո: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որի ժամանակ, ինչպես սպասվում է, Բայդենին կանվանեն երկրի պետական բարձրագույն պաշտոնի թեկնածու, համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 17-20-ը եւ տեղի կունենա Միլուոկիում (Վիսկոնսին նահանգ): The New York Times պարբերականի հաշվարկներով՝ Բայդենն արդեն երաշխավորել է ազգային համագումարի 1 435 պատվիրակների աջակցությունը: Նախագահի թեկնածու դառնալու համար համագումարում քվեարկության արդեն առաջին փուլում հավակնորդը պետք է ստանա 1 991 պատվիրակի աջակցությունը:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որը եւս Նեբրասկայում հաղթել է, արդեն ստացել է կուսակցական համագումարի պատվիրակների բավարար թվով ձայներ նախագահական ընտրություններում հանրապետականների կողմից թեկնածու առաջադրվելու համար: Համագումարը տեղի է ունենալու օգոստոսի 24-27-ը Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ): ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին: