Պերուում տուրիզմն աշխուժացնելու նպատակով Մաչու Պիկչուին անվճար հասանելիություն կապահովեն
Պերուի կառավարությունը 2020 թվականի երկրորդ կիսամյակում Կուսկո հարավային դեպարտամենտում գտնվող ինկերի սրբավայր Մաչու Պիկչուին, ինչպես նաեւ հնագիտական այլ հուշարձաններին եւ բնական գոտիներին զբոսաշրջիկների անվճար հասանելիություն թույլ կտա՝ տուրիզմի աշխուժացման նպատակով, որը տուժել է նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որպես տուրիզմի վերաակտիվացման եւ տնտեսական զարգացման միջոցառումներ COVID-19-ի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ իրադրության շրջանակում անվճար հասանելիություն է տրամադրվելու պետական ծառայողներին, երեխաներին, դեռահասներին եւ տարեցներին՝ առանց քաղաքացիությունը հաշվի առնելու, որոնք այցելում են հնագիտական հուշարձաններ, թանգարաններ, պատմական վայրեր եւ բնական տարածքներ, որոնք գտնվում են պետության ենթակայության տակ կամ պահպանվում են պետության կողմից»,- նշված է երկրի կառավարության հայտարարության մեջ:
Մուտքի վճարի չեղարկումը գործելու է 2020 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը, սակայն օբյեկտներին հասանելիությունն իրականացվելու է առողջության պահպանման նոր ուղեցույցներին հետեւելով:
Բացի Մաչու Պիկչուից, հնագիտական հուշարձանների թվի մեջ են մտնում Իկա հարավային դեպարտամենտում Նասկայի երկրաչափական պատկերներն ու գեոգլիֆները, Չան Չան քաղաքը, որը դասվում է մինչկոլումբոսյան Չիմու մշակույթին եւ գտնվում է Լիբերտադ հյուսիսային դեպարտամենտում, ինչպես նաեւ երկրի հյուսիսում գտնվող Ամազոնաս դեպարտամենտում Կուելապի հնագիտական պեղումները:
Բացի հնագիտության հուշարձաններից ազատ հասանելիություն կունենան Ամազոնիայի ազգային արգելոցներ Տամբոպատան, Պակայա Սամիրիան, Մանու ազգային արգելոցը եւ այլն:
Պերուում գրանցվել է COVID-19-ի 68 822 վարակում, ներառյալ դրա հետեւանքով մահվան 1961 դեպք: