Ֆինլանդիայում Մալթայի դեսպանը հրաժարական է տվել Անգելա Մերկելին Հիտլերի հետ համեմատելուց հետո
Ֆինլանդիայում Մալթայի դեսպանը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Facebook-ի իր գրառման մեջ Անգելա Մերկելին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է AP-ը։
Մալթայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մայքլ Զամիտ Տաբոնայի մեկնաբանությունները «չեն արտացոլում Մալթայի եւ Գերմանիայի միջեւ փոխադարձ հարգանքը»։
Զամիտ Տաբոնան Ֆինլանդիայում դեսպան է եղել վեց տարի։ Նախարարությունը հայտարարել է, որ նրա հրաժարականը անմիջապես ընդունվել է։
Facebook-ի գրառման մեջ, որն անմիջապես հեռացվել է, Տաբոնան գրել է․ «75 տարի առաջ մենք կանգնեցրեցինք Հիտլերին։ Ո՞վ կկանգնեցնի Անգելա Մերկելին։ Նա կատարել է Հիտլերի երազանքը։ Վերահսկել Եվրոպան»։
Եվրոպան մայիսի 8-ին նշեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակը։