Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՄԻՊ-ի գրասենյակում բողոքների թիվը սրընթաց աճեց. Թաթոյան (Տեսանյութ)
Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բողոքների թիվը սրընթաց աճեց: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արամ Թաթոյանը:
«Երբ մենք սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որ մեծ մասը վերաբերում էր իրազեկման պակասին: Մարդիկ պարզապես զանգում էին, որ սահմանափակումների մասին հետաքրքրեն: Դրա համար մենք ուղեցույցներ պատրաստեցինք:
Արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ի դերը երեք հիմնական ուղղություն ունի. առաջինը, օգնել պետությանը, որ կանխարգելվի համավարակը, երկրորդ, օգնել քաղաքացիներին, որպեսզի իրավունքի ոտնահարումներ չլինեն, եւ երրորդ՝ իրականացնել վերահսկողություն պետության նկատմամբ: Այդ առումով մենք խնդիրներ ենք նկատել աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում: Մասնավորապես, կապված արձակուրդներ տալու, աշխատավարձեր վճարելու հետ: Պատկերացրեք, մարդը մեկուսացման մեջ է գտնվում, հնարավորություն չունի դուրս գալու, իսկ եթե դա մասնավոր կազմակերպություն է, ապա խնդիրներն առավել մեծանում են: Մյուս խումբ խնդիրները վերաբերում են մեկուսացման մեջ գտնվող անձանց կարիքներին: Մենք դեպքեր ունենք, որ մարդը մեկուսացման մեջ է, բայց գարնան եղանակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում, որ տուն գնա, տանը մեկուսանա»,-ասաց նա: