Tesla ընկերությունը հայտարարել է Ֆրիմոնթում գլխավոր գործարանում արտադրությունը վերսկսելու մասին
Tesla ընկերությունը հայտարարել է Ֆրիմոնթում գլխավոր գործարանում արտադրությունը վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում։
«Հաշվի առնելով նահանգապետի՝ վերջերս կայացրած որոշումը, որը հիմնավորված է գիտական եւ հավաստի առողջապահական տվյալներով, նահանգների դասակարգումն եւ տրանսպորտային միջոցներ արտադրելու հարցով դաշնային կառավարության որոշումը որպես մեզ համար հուսալի ծրագիր՝ Tesla-ն սկսել է գործունեության վերականգնման գործընթացը։ Մեր աշխատակիցներն ուրախ են վերադառնալ աշխատանքի, եւ մենք անում ենք դա՝ ապահովելով նրանց առողջությունն ու անվտանգությունը»,-նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ընկերությունը հավաստիացրել է, որ գործարանի աշխատանքները վերսկսելու ծրագիրը մանրամասն պլանավորման եւ նախապատրաստման արդյունք է, որը մոդելավորված է Շանհայում ընկերության մեգագործարանի աշխատանքի փորձի հիման վրա։
Ավելի վաղ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ մտադիր է Կալիֆոռնիա նահանգից տեղափոխել գլխավոր գրասենյակն ու ընկերության արտադրությունը, եւ դատական հայց ներկայացնել Ալամիդա շրջանի դեմ։
Այդ որոշումը Մասկն ընդունել էր Ալամիդա շրջանի՝ գործարանի աշխատանքը վերսկսելու արգելքից հետո, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գործարանը։