Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներին չորս լեզվով գրվել է «շնորհակալություն» բառը
Բեռլինյան Բրանդենբուրգի դարպասներին գրվել է «շնորհակալություն» բառը ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով: Ակցիան տեղի էր ունեցել մայիսի 8-ին երեկոյան, հայտնում է DW-ն:
«1945-ի մայիսի 8-ի ուշ երեկոյան կապիտուլյացիան ուժի մեջ մտավ: Այս պրոյեկցիայով Բեռլինը 75 տարի անց կցանկանար շնորհակալություն հայտնել դաշնակիցներին Եվրոպան ազգային սոցիալիզմից ազատագրելու համար»,- նշվել է Kulturprojekte Berlin կազմակերպության հաղորդագրության մեջ, որն էլ անցկացրել էր այս ակցիան:
Մայիսի 8-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծաղկեպսակներ են դրել Գերմանիայում պատերազմի եւ բռնակալության զոհերի Նոյե Վախե գլխավոր հուշահամալիրում: «Ազատագրումը դրսից եկավ: Այն պետք է գար դրսից. այս երկիրը չափազանց խորն էր խրվել չարիքի եւ իր սեփական մեղքի մեջ: Բայց տնտեսական վերածնունդը եւ նոր ժողովրդավարական սկիզբ Գերմանիայի արեւմտյան մասում հնարավոր դարձան բացառապես նախկին ռազմական հակառակորդների կողմից ցուցաբերած մեծահոգության, խորաթափանցության եւ հաշտվելու պատրաստակամության շնորհիվ»,- ասել է Շտայնմայերը: