Մայիսի 8-ի օրով Սասուն Միքայելյանին սադրելը համարում եմ անընդունելի. Սա նախապատրաստված սադրանք էր. Ալեն Սիմոնյան
Քննարկում էինք տեղի ունեցածը, բնական է, որ անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը տեղի ունեցած դահլիճում, կապ ունի այն օրենքների հետ, որը մենք ընդունել ենք: Բնական է, որ պետք է սադրանքներին չտրվել, բայց ակնհայտ է նաեւ, որ մայիսի 8-ի օրով Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի: Ես համարում եմ, որ իրեն կլասիկ քաղաքական գործիչ հռչակած գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել: Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք է: Սա սադրանք է, որ ունի շարունակական բնույթ: Այսինքն ընտրվել է մարտավարություն, որ սկզբում իրավիճակը դահլիճում լարվում է, կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են բառեր, ինչպիսիք են՝ հիստերիկ եւ այլն:
Հետագայում դուրս է գալիս եւ սադրելով ու «դու»-ով խոսում է մնի մարդ, ով մի քանի օր առաջ սեռական հայհոյանք է հնչեցրել դահլիճում: Բնական է, որ երբ դու իջնում ես ամբիոնից ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ով, մարդը կարող է այդ սադրանքին չդիմանալ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ բռնություն է տեղի ունեցել Էդմոն Մարուքյանի նկատմամբ, Ալեն Սիմոնյանը դա անընդունելի համարեց. «Այդտեղ երկրորդ կարծիք չկա: Իհարկե, բացասական գնահատական ենք տալիս, մեկը կա, որ կարող է ասել, որ դա ընդունելի՞ է: Այո, գրեթե բոլոր երկրների խորհրդարաններում դա տեղի է ունեցել, բայց դա անընդունելի է:
Բայց մենք բացի քննադատելուց պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել եւ անենք ամեն բան, որ նման բան ԱԺ-ում տեղի չունենա: ԱԺ-ն տեղ չէ, որ որեւէ պատգամավոր պետք է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնի»:
Լրագրողները նկատեցին, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից Սասուն Միքայելյանը ինչ-որ վիրավորական հայտարարություններ արեց, ինչին Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ բոլորն էլ ինչ-որ պահի տեղից ինչ-որ ռեակցիա են տալիս. «Բայց երբ դու այդ իրավիճակը փորձում ես օգտագործել, որ քեզ զոհի կարգավիճակ շնորհեն... նույն բանը Էդմոն Մարուքյանն անում էր ԲՀԿ-ի հետ, երբ նոր էին ընտրվել, տեղից վեր է կենում, մոտենում է, դա արդեն ագրեսիվ պահվածք է: Երբ որ դու ելույթ ես ունենում ԱԺ ամբիոնից, ինչու ես մոտենում դահլիճում նստած պատգամավորին: Երբ որ ես խոսում էի, ինքը տեղից արձագանքում էր, ես փորձեցի՞ իջնել, ռազբորկա անել»: