Ռուսաստանի հետ մենք ունենք խնդիրներ, որոնք քննարկում ենք. Զոհրաբ Մնացականյան
Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է, որտեղ մենք ունենք հարցեր: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր վերջին հայտարարությունում խոսելով գազի գնի մասին՝ հիշատակել էր ՀՀ-ում ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի մասին:
«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն ինչ-որ խնդիր ավելի խորքային կա: Մենք ունենք խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք համենայնդեպս մտադրված ենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ասաց նա:
Գազի հարցը, ըստ արտգործախարարի, չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, եւ շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ: