Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար
Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային միջանցքը եվրոպական երկրներից հայրենիք վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը:
Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին եւ 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Մինսկով Եվրոպայից դեպի Երեւան թռնել, որտեղից ԱԳՆ-ի կողմից տրամադրված ավտոբուսներով կուղեւորվեն Վրաստան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 28-ից Հայաստանը փակում է ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար: Հարկ է նշել, որ վրացի միգրանտենրը հաճախ են օգտվում Մինսկ-Երեւան տարանցիկ երթուղուց հայրենիք վերադառնալու համար:
Ըստ Արտաքին գործերի նախարարության` եթե Վրաստանի քաղաքացիները որոշեն վերադառնալ իրենց հայրենիք Երեւանի տարածքով, ապա նրանք պետք է նախապես կապվեն վրացական հյուպատոսության հետ` իրենց ճշգրիտ թիվը հայտնելու համար: Հայրենիք վերադառնալուց հետո անհրաժեշտ է բուժզննում անցնել, այնուհետեւ բոլորին երկշաբաթյա կարանտին է սպասվում: