Այն ժամանակ էլ ժողովրդի վիճակը լավ չէր, հիմա ավելի սարսափելի վատ է. Վարդան Ղուկասյան
Այն ժամանակ էլ ժողովրդի վիճակը լավ չէր, հիմա ավելի սարսափելի վատ է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի սոցիալ–տնտեսական վիճակը, և կառավարությունն արդյոք կարողանում է հմապատասխան փոխհատուցում տալ, վիճակը մեղմացնելու համար։
«Եթե Գյումրիում տուրիզմը զարգացել էր և աշխատանք էր ձևավորվում, հիմա հակառակն է։ Նանե հյուրանոց կա, որ դրսից է ներդրողը՝ Գոհար անսմաբլի ղեկավարը, հյուրանոցը փակվել է, փակվել է նաև Գոհար երգչախումբը։ Ցավում եմ, որ և կառավարությունը, և մշակույթի նախարարությունը ոչ մի միջոցներ չեն ձեռնարկում, որ ՀՀ լավագույն երգչախումբը և այդ հսկայական կառույցը փակվել է»,– ասաց Ղուկասյանը։
Հարցին, թե դուք ինչո՞վ կարող եք աջակցել, պատգամավորը պատասխանեց. «Ես ոչ մի բանով չեմ կարող աջակցել, դա լուրջ, պետական հոգածության ներքո պետք է գտնվի, որովհետև դա այդպես է և Գոհար երգչախումբը ամբողջ աշխարհով ներկայացրել է հայոց ազգի դեմքը»։
Պատգամավորի խոսքով՝ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը պետք է ավելի հասանելի դարձնել, քանի որ շատ են դժգոհությունները. «Սոցիալական վիճակը շատ վատ վիճակի մեջ է գտնվում, ամբողջ աշխարհում է այդպես, բայց որ ժողովուրդն էլ հերթերի մեջ է կանգնած, բանկերը չեն կարող մատակարարել ոնց որ պետքն է, կառավարությունը պետք է այնպես անի, որ որոշում է կայացնում հասանելի լինի ժողովրդին։ Շատ քիչ տոկոսն են ստացել այդ օգնությունից։ Միան խոսքով չէ, պետք է գործով էլ կարողանան կազմակերպել»։
Լրագրողի հարցին, թե կոնկրետ ձեր մասով, բիզնեսը տո՞ւժել է եւ արդյոք աշխատողների աշխատավարձերը կարողանում են վճարել, պատգամավորը պատասխանեց. «Ես որպես պատգամավոր դրանով չեմ զբաղվում, տնօրեններ կան, որ աշխատում են, բայց որքանով ես տեղյակ եմ, շատ վատ է վիճակը։ Միայն մեղադրել կառավարությանը դա էլ ճիշտ չէ, բայց կարելի է ճիշտ ձևով բժանել այդ օգնությունները։ Ես իմ մասին չեմ մտածում այդքան, այլ ժողովրդի մասին և խորհուրդ կտայի դուք էլ մտածեիք ժողովրդի մասին»։