Մասնավոր ընկերությունները սկսել են նավթ պահեստավորել ԱՄՆ-ի ռազմավարական պահուստներում
Ամերիկյան ընկերությունները սկսել են նավթ պահեստավորել ԱՄՆ ռազմավարական պահուստներում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Bloomberg-ը:
Ըստ Bloomberg-ի գնահատականների` ընթացիկ ամսում մասնավոր ընկերությունները մոտ 1.1 միլիոն բարել նավթ են հասցրել այդ պահեստարաններ: Ինչպես նշվում է նյութում, այս ամսվա սկզբին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը համապատասխան պայմանագրեր էր կնքել մի շարք ընկերությունների հետ: Նրանք կարող են տարեկան մոտ 23 միլիոն բարել նավթ տեղափոխել ռազմավարական պահեստարաններ: Դրանց հիմնական մասը տեղ կհասնի մայիսին եւ հունիսին, նշվում է հրապարակման մեջ:
Ընկերությունների եւ ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջեւ պայմանավորվածությունները ձեռք են բերվել վերջին շաբաթների ընթացքում` նավթի գների կտրուկ անկման ֆոնին: Նյու Յորքի ապրանքային բորսայում ապրիլի 20-ին տեխասյան Light Oil-ի (WTI) գինն առաջին անգամ հասել էր բացասական ցուցանիշների: Մայիսյան մատակարարումների գինն ընկել էր մինչեւ 40 դոլար բարելի դիմաց:
ԱՄՆ-ի նավթային ռազմավարական պահուստի առավելագույն ծավալը 713.5 միլիոն բարել է կազմում: Այն ստեղծվել է Կոնգրեսի որոշմամբ 1975 թվականին` համաշխարհային էներգետիկ ճգնաժամից հետո: Տեխասում եւ Լուիզիանայում աղային շերտերի չորս պահուստներում այժմ մոտ 635 միլիոն բարել նավթ է պահվում: ԱՄՆ նավթային պահուստը ամենամեծն է աշխարհում կառավարությանը պատկանող պահուստներից: