Թուրքիան հետաձգել է ռուսական Ս-400-ների շահագործումը
Կորոնավիրուսի բռնկման պատճառով ռուսական Ս-400 ՀՀՊ համակարգերը շահագործման հանձնելու Թուրքիայի ծրագրերը հետաձգվել են, երկրի ղեկավարությունն, այդուհանդերձ, մտադիր չէ հրաժարվել իր որոշումից, որն առաջացրել էր ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայում պաշտոնական աղբյուրին:
«Ս-400-ը շահագործման հանձնելու գաղափարից չեն նահանջի, բայց COVID-19-ի հետ կապված ապրիլին դրանք նախապատրաստելու ծրագիրը հետաձգվելու է»,- գործակալությանն ասել է անանուն աղբյուրը:
Նրա խոսքով՝ մինչեւ Ս-400-ի շահագործման հանձնումը կարող է անցնել մի քանի ամիս՝ կապված որոշ տեխնիկական հարցերի լուծման անհրաժեշտության հետ:
Ռուսական Ս-400 ՀՀՊ համակարգերի մատակարարումները, ինչը թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ էր առաջացրել, սկսվել էին անցյալ տարվա հուլիսի կեսից:
Չնայած Վաշինգտոնը պահանջել էր գործարքից հրաժարվել եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել ըստ CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք), Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ: