Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների մի մասը Ձորակապից է. ինչու է պարետը արգելել ելումուտը համայնք
Շիրակի մարզի Ձորակապ համայնքում վաղվանից ելումուտը սահմանափակվելու է՝ որպես կանխարգելիչ միջոցառում։ Այս մասին ասաց համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։
«Քանի որ տարածաշրջանը սպասարկում էր Մարալիկի բուժկենտրոնը և ներկա պահին 18 բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրանց մի մասը Մարալիկից են, մյուսը՝ Ձորակապից, և քանի որ երկու գյուղերն իրար կպած են, որոշվել է սահմանափակումներ կիրառել նաև Ձորակապում։ Դա նաև սթափեցնող հանգամանք կլինի համայնքի բնակիչների համար»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ բոլոր վարակակիր բուժաշխատողները գտնվում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ նրանց ընտանիքների անդամները մեկուսացված են Գյումրու հյուրանոցներից մեկում։
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ՝ վաղվանից մինչև ապրիլի 25–ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ համայնքներում մուտքի և ելքի արգելք է գործելու։