Գյումրիում վաղ առավոտյան փողոցում երիտասարդ կնոջ են կողոպտել
Գյումրիի փողոցում կողոպտել են զորամասի կին ծառայողի։ Ըստ SHAMSHYAN.com-ի՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ժամը 08:30-ի սահմանում Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի գնալու պահին հետևից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը, պահանջել ոսկյա զարդերը:
Այդ ընթացքում Ռոզա Ա.-ին դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել, նրա ձախ ձեռքից հանել է ոսկյա մատանին, ականջներից՝ ոսկե ականջօղերը, ապա երկուսն էլ դիմել են փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ոստիկանության Կումայրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: