Հայաստանում արտադրվող կորոնավիրուսի հայտնաբերման թեստերը նույնական կլինեն ներմուծվածներին. ՄԿԻ տնօրեն
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) բավարար գիտական եւ տեխնիկական ներուժ ունի կորոնավիրուսների հայտնաբերման թեստերի արտադրության համար: Այս մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսին ասաց ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:
Նրա խոսքով` նման թեստերի մշակումն ինստիտուտի ամենօրյա գործառույթների շարքում է, իսկ ՀՀ ԳԱԱ ՄԿԻ-ի մասնագետները նման թեստերի` զրոյից մշակման փորձ ունեն: «Մեր ինստիտուտն իր հետազոտությունների մեջ պոլիմերային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդներն է կիրառում, իսկ հետազոտության արդյունքները հրապարակվում են միջազգային գիտական ամսագրերում, ինչպես նաեւ` ինստիտուտի կայքում: Մեր հետազոտությունների համար, հիմնականում, պատրաստի թեստեր չկան, ուստի մեր կողմից օգտագործվող թեստերը մշակվում եւ օպտիմիզացվում են մեր թիմի կողմից: Սա մեր ամենօրյա գործառույթներից է»,- նշեց Առաքելյանը: Նա հավելեց, որ կուտակված փորձի շնորհիվ ինստիտուտի մասնագետները կապահովեն ծրագրի հաջող իրականացումը:
Ինստիտուտում թեստեր են անցկացվելու, որոնք լիովին նույնական կլինեն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից այսօր օգտագործվող թեստերին: Հայաստանի տարածքում արտադրություն հիմնելու գաղափարը ծնվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով թեստերի դեֆիցիտի ֆոնին: Նախագծի նպատակը մատչելի գնով թեստերի անխափան մատակարարման ապահովումն է` ժամանակ շահելով եւ արագ արձագանքելով ներքին պահանջարկին:
Մեկնաբանելով հարցն այն մասին, թե երբ կարելի է ակնկալել արտադրության սկիզբը, Առաքելյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսանկյունից թեստերի արտադրությունը բարդ գործընթաց չէ: «Անհրաժեշտ նյութերի առկայության դեպքում մենք կկարողանանք շատ արագ սկսել արտադրությունը: Բնականաբար, արտադրությունը սկսելուց առաջ անհրաժեշտ կլինի փորձարկումներ եւ որակի վերահսկում իրականացնել, բայց դա շատ ժամանակ չի պահանջի»,- ասաց Առաքելյանը:
Այս փուլում հիմնական խնդիրն է համապատասխան նյութերի ներմուծումը: Առաքելյանի խոսքով՝ ներկայումս բանակցություններ են վարվում մի քանի երկրների հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում եւ մատչելի գնով անհրաժեշտ նյութերի մատակարարումների ապահովման համար: «Մենք ձգտելու ենք նրան, որ արտադրվող թեստերի արժեքը ներմուծողների համար մատչելի լինի»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ գործնականում կառավարության հատկացրած բոլոր միջոցներն ուղղվելու են հումքի ձեռքբերմանը:
Դրանից բացի, քննարկվում են արտադրությունը սկսելու համար ֆինանսական, տեխնիկական աշխատանքները, նախապատրաստվում է համապատասխան ենթակառուցվածքը: «Մենք ունենք արտադրության համար անհրաժեշտ ամբողջ սարքավորումը, սակայն դիտարկում ենք լրացուցիչ տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը, որը չնայած առաջին անհրաժեշտության չէ, բայց կարող է արագացնել արտադրական գործընթացը»,- շեշտեց Առաքելյանը:
Խոսելով այն մասին, թե հայկական թեստերն արդյոք կարտանհանվե՞ն արտասահման, Առաքելյանը նշեց, որ այսօր առաջնահերթ խնդիրը թեստերի ներքին պահանջարկի ապահովումն է: «Ժամանակը ցույց կտա՝ կկարողանա՞նք արդյոք ապագայում թեստերն արտահանել»,- հայտարարեց նա: ՄԿԻ տնօրենը դժվարացավ պատասխանել հարցին, թե որքան կարժենա մեկ թեստի արտադրությունը, եւ ինստիտուտը օրական քանի թեստ կկարողանա արտադրել: Նա նշեց, որ նման հարցերին ավելի մանրամասն կպատասխանի արդեն արտադրությունը սկսելուց հետո: «Գինը կախված է շատ գործոններից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ապահովենք առավելագույն մատչելի եւ հուսալի տարբերակ»,- շեշտեց Առաքելյանը: