Հայաստանում բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ տվյալները հասանելի կլինեն իրավապահներին
ՀՀ կառավարությունն առաջարկում է այս կամ այն բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել իրավապահ մարմինների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Այս մասին ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ տարբեր կազմակերպությունների բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց եւ հասանելի է հանրության համար: Ըստ Գրիգորյանի` հասարակությունը, այդ թվում նաեւ էլեկտրոնային հայցի օգնությամբ, կարող է ստանալ հետաքրքրող բոլոր տեղեկությունները:
«Սակայն բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տվյալները փակ են»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:
Այդ տեղեկատվությունը, ըստ նրա, Պետական եկամուտների կոմիտեին, իրավապահ մարմիններին եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհրաժեշտ է միայն իրենց առջեւ դրված խնդիրները լիարժեք լուծելու համար:
Բավական երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս փաթեթին: