Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին և վարչապետին. Հայր Ներսես
Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։ Հոգևորականը NEWS.am-ի հետ զրույցում ասել է՝ համոզված է, որ հայրն ու եղբայրը չեն հրահրել և որևէ կերպ չեն ստեղծել իրավիճակ, որ իրավապահները բռնություն գործադրեն նրանց նկատմամբ։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ միջադեպի մասնակից է եղել նաև Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ոստիկանության լրատվության բաժնից հայտնել էին, որ միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն։
Հայր Ներսեսը ասել է, որ շատ վիրավորված ու վրդովված է միջադեպից։
«Երբ այդ մոլագար ոստիկանապետը միանգամից հարձակվել է եղբորս վրա ու սկսել է հայհոյել, հայրս է միջամտել, հորս նույնպես հայհոյել ու հարվածել է։ Հորեղբորս տղան այդ ամենը տեսանկարահանել է, ու այդ պահին նրա ձեռքից վերցրել են հեռախոսն ու ջնջել տեսանյութը, նրան նույնպես ծեծել են»,- պատմել է նա։
Հայր Ներսեսն ասել է, որ եղբայրը թոքերի ծանր վիրահատություն է տարել, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հորդորել են չհարվածել. «Հորեղբորս տղան ասում է, որ եղբայրս ծանր վիրահատություն է տարել, ավելի լավ է իրեն ծեծի, իսկ ոստիկանապետը մոլագարի նման ասում է՝ թող մեռնի։ Իմ 70-ամյա հորն է հայհոյում, ձեռք անում, կոկորդից բռնում, պրոթեզն ընկնում է բերանից։ Սա կատարյալ ամենաթողություն է, ողբերգություն։ Այս կատարվածը բանականության սահմանների մեջ չի մտնում, պարզապես անբարոյականության գագաթնակետն է։ Ես հետևողական եմ լինելու, որպեսզի արդար քննություն գնա, հետևողական եմ լինելու և որպես ՀՀ քաղաքացի, և որպես տուժածի ընտանիքի անդամ։ Ես ամեն կերպ ջանում եմ, որպեսզի սա քաղաքական կերպով չնայվի, իմ նպատակն ու ցանկությունն է, որ օրենքի համապատասխան կարգով մեղավորները պատժվեն»։
Ըստ Հայր Ներսեսի՝ այդ միջադեպին եղել են նաև ականատեսներ. «Երբ բերման են ենթարկում հորս, եղբորս ու հորեղբորս, ինքնաբուխ սկսում են քաղաքացիներ հավաքվել և իրենց բողոքն արտահայտել կատարվածի հետ կապված։ Մենք հարկ ենք վճարում, որ օրինապահները այսպիսի քայլերի գնա՞ն»։
Հայր Ներսեսը հայտնել է, որ երեկվա համեմատ այսօր հայրը, եղբայրն ու հորեղբոր տղան լավ են զգում իրենց, դուրս են գրվել հիվանդանոցից։
«Հայրս է ծանր հոգեբանական վիճակում։ Դե պատկերացնում եք, իր որդու տարիքի մի մոլագար հայհոյի ու ծեծի իրեն»։