ՀԱՊԿ երկրները հավաքական միջոցառումներ են մշակում համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման դեպքում
ՀԱՊԿ երկրները հավաքական արձագանքման համատեղ միջոցառումներ են մշակում կազմակերպության պատասխանատվության գոտում COVID-19-ի տարածման պատճառով համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման դեպքում: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլլադիմիր Զայնեթդինովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում՝ Բելառուսի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ այսօր կայացած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսային բանակցությունների արդյունքներով:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում կազմակերպության մեջ մտնող յուրաքանչյուր պետությունում համաճարակաբանական իրադրության եւ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար կիրառվող միջոցառումների եւ հետեւանքների նվազեցման վերաբերյալ: «Զրուցակիցները պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման դեպքում հավաքական արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- նշել է մամուլի քարտուղարը:
Արձանագրվել է, որ ՀԱՊԿ երկրներում իրադրությունը վերահսկելի է: «Այդպիսի վերահսկման արդյունավետությունը ձեռք է բերվում սահմանափակող եւ նախազգուշական միջոցառումները ժամանակին ընդունելու ճանապարհով, որոնք ընդունում են ՀԱՊԿ անդամ պետությունների կառավարությունները, առողջապահական կառույցները, սանիտարահամաճարակային հսկողության եւ իրազեկ մարմինները»,- նշել է Ստանիսլավ Զասը: Նա ուշադրություն է դարձրել, որ Տաջիկստանում մինչեւ հիմա պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք: