«Յուվենտուսը» պատրաստ է անհավանական քիչ գումարի դիմաց վաճառել Ռոնալդուին
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը լրջորեն մտածում է հրաժարվել թիմի առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից:
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն ֆունտի (շուրջ 55 միլիոն եվրո) առաջարկ:
«Յուվենտուսը» նման քայլի դիմում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Թուրինյան ակումբում կարծում են, որ չեն կարող վճարել 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «Յուվենտուսը» միայն 90 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ կլինի վաճառել Ռոնալդուին:
Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացու նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: