Իսրայելում աճեցնում են արհեստական սթեյք, որը նույնական է բնական տավարի մսի հետ
Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները հայտարարել են արհեստական միս ստեղծելու ոլորտում առաջխաղացման մասին, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով Nature Food-ին։
Կենսաբժշկական ինժեներիայի ֆակուլտետի դեկան Շուլամիթ Լեւենբերգը Aleph Farms ընկերության համահիմնադիրներից է, որը մասնագիտանում է արհեստական սթեյքեր ստեղծելու մեջ, որոնք նույնական են բնական տավարի մսի հետ։ Նորարարական տեխնոլոգիաները, որոնք կիրառում է ստարտափը, թույլ են տալիս աճեցնել սինթետիկ միս, որն իր կառուցվածքով եւ գույնով գրեթե անհնար է տարբերել իրական տավարի մսից։
Aleph Farms տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունը սոյայի սպիտակուցից կարկասի մեջ բջիջների աճեցումն է, որը կատարում է արտաբջջային մատրիցայի դեր։ Կովերից վերցված բջիջները մասնատվում եւ աճեցվում են կենդանու մարմնից դուրս՝ ստեղծելով սոյայից կարկասից սթեյքեր։ Դրանց կարելի է հաղորդել գրեթե ցանկացած ձեւ, ուստի այդ տեխնոլոգիայի հիման վրա կարելի է ստեղծել ցանկացած պրոդուկտ արհեստական մսից։
«Սինթետիկ միսը, որը ստեղծվում է մեր հեռանկարային տեխնոլոգիաների հիման վրա, գրեթե չի տարբերվում բնական մսից, սակայն դրա արտադրության համար կարելի է չսպանել կովերին։ Հետագայում այդպիսի մթերքները թույլ կտան զգալիորեն կրճատել բնապահպանական վնասը, որը պայմանավորված է ավանդական անասնաբուծությամբ»,-նշում է պրոֆեսոր Լեւենբերգը։