Ֆիլիպինների նախագահը սպառնում է գնդակահարել կարանտինը խախտողներին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում հայտարարված սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտողներին նախազգուշացրել է, որ նրանց սպառնում է պատժի ամենախիստ ձեւը` գնդակահարություն:
Երկրի ղեկավարը հայտարարել է նաեւ բուժաշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքի անթույլատրելիության մասին, ինչը երկրի իրավապահ մարմինները որպես լուրջ հանցագործություն կհամարեն: Ճիշտ է, Ֆիլիպինների ազգային ոստիկանության պետը հինգշաբթի հայտարարել է, որ չի պատրաստվում որեւէ մեկին գնդակահարել, հայտնում է ABC-ն:
Իր հեռուստաուղերձում Դուտերտեն ասել է, որ տնային կարանտինին հետեւելը կենսական նշանակություն ունի, քանի որ իշխանությունները փորձում են դանդաղեցնել պանդեմիան եւ փրկել երկրի փխրուն առողջապահական համակարգը գերծանրաբեռնվածությունից:
«Ավելի վատ է դառնում: Ուստի, ես եւս մեկ անգամ ասում եմ ձեզ խնդրի լրջության մասին եւ այն մասին, որ դուք պետք է հասկանաք դա: Իմ հրամանները` ոստիկանությանը եւ զինված ուժերին. եթե խնդիրներ կան եւ կա դեպք, երբ նրանք դիմադրում են եւ ձեր կյանքին վտանգ է սպառնում, գնդակահարեք նրանց»,- բորբոքված ասել է Դուտերտեն: