Մայիլյանի ձայները երկու ձայների հանրագումար է՝ ստացված Սամվել Բաբայանից և Հայաստանի աջակցությունից. փորձագետ
Արցախի Հանրապետությունում ընտրությունների այս արդյունքը հատկապես նախագահի ընտրությունների առումով սպասելի էր, քանի որ դիտարկումները ցույց էին տալիս, որ առաջին տեղում Արայիկ Հարությունյանն էր, և խնդիրը միայն այն էր, թե նա առաջին փուլով կընտրվի՞ նախագահ, թե՞ կլիներ երկրորդ փուլ: Դիտարկումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլում հաղթելու է Արայիկ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի կուսակցությունը չանցավ խորհրդարան, Բադալյանը նշեց, որ այն կուսակցությունը, որին աջակցում էր Մայիլյանը, շատ ուշ ստեղծվեց և չուներ այն խարիզմատիկ առաջնորդին, որի շնորհիվ կարող էր առաջ գնալ: Արայիկ Հարությունյանի գլխավորած կուսակցությունն առաջին տեղը զբաղեցրեց, քանի որ վերջինս բավականին երկար ժամանակ աշխատել է, և ՏԻՄ ընտրությունների ժամանակ նա կարողացավ իր թիմակիցներին անցկացնել, իսկ Մասիս Մայիլյանը կուսակցություն ստեղծեց ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դա ուղղակի հնարավորություն չի տալիս մեծ արդյունքներ արձանագրել:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում Մայիլյանի երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքին, ապա, ըստ Բադալյանի, պետք չէ մոռանալ Սամվել Բաբայանի գործոնը. «Չմոռանանք, որ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունն անցավ խորհրդարան, իսկ այստեղ կարելի է արդեն ենթադրություն անել, որ Մայիլյանի ստացած ձայները երկու ձայների հանրագումար է՝ Սամվել Բաբայանի կողմից բերված ձայներ, և Հայաստանի Հանրապետության իշխանությունների անուղղակի աջակցության շնորհիվ ստացված ձայներ: Այդ երկու ձայների հանրագումարն է, որ իրեն բերեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Իսկ խորհրդարանական ընտրություններում, քանի որ իշխանությունների կողմից աջակցություն չկար, իսկ Բաբայանն իր կուսակցությամբ էր առաջ գնում, բնականաբար, Բաբայանի կուսակցությունն անցավ խորհրդարան»:
Ինչ վերաբերում է խորհրդարան անցած հինգ քաղաքական ուժերին, ապա, Բադալյանի կարծիքով ինչ-որ առումով սպասելի էր, որ նրանք կհաղթահարեն սահմանված շեմը և կհայտնվեն խորհրդարանում։
Այս պահին դժվար է կանխատեսում անել, թե խորհրդարան անցած քաղաքական ուժերից որոնք կլինեն ընդդիմադիր, դա, ըստ Բադալյանի, կախված է նրանից, թե ում հետ ինչպիսի հարաբերություններ կստեղծի Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցան հինգ քաղաքական ուժեր՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք – 29688 ձայն (40.4 տոկոս), «Միասնական հայրենիք» կուսակցություն – 17365 ձայն (23.63 տոկոս), «Արցախի Արդարություն կուսակցություն»– 5865 ձայն (7.9 տոկոս), ՀՅԴ – 4717 ձայն (6.4 տոկոս), Արցախի ժողովրդավարական կուսակցություն – 4269 ձայն (5.81 տոկոս):