Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. մյուսները պետք է շտապ անալիզ հանձնեն
Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարան) պատգամավորը հոսպիտալացվել է կորոնավիրուսի առաջացրած հիվանդությամբ, մնացած բոլոր պատգամավորները եւ վարչական անձնակազմը պետք է շտապ կարգով անալիզ հանձնեն: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Ցվետա Կարայանչևան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չորեքշաբթի կորոնավիրուսի ախտորոշման համար կանցկացվեն պատգամավորների թեստեր, հետո նաեւ Ժողովրդական ժողովի աշխատակազմի, բոլոր նրանց, ովքեր պատգամավորի հետ շփում են ունեցել: Թեստավորման արդյունքներով եւ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային օպերատիվ շտաբի հետ համաձայնեցված հետագա որոշումներ կընդունվեն խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ»,- հայտնել է Կարայանչեւան:
Պատգամավորներն ապրիլի 1-ին պետք է անցկացնեին բյուջեի եւ ֆինանսների հանձնաժողովի նիստ եւ քննարկեին կառավարության առաջարկը բյուջեի արդիականացման մասին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, այս պահին նիստը չեղյալ է հայտարարվել:
Օպերատիվ շտաբի տեղեկություններով, որ ներկայացվել են չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ, Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մինչեւ 412-ի, 20 մարդ առողջացել է, 8-ը մահացել, ստացիոնարներում շարունակվում է 166 պացիենտի բուժումը: