Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտի պարգևավճարները՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին. Հայկ Մարության
Երևան քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է Երևան քաղաքապետարանի գործունեության մասին, ինչպես նաև հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի մարտի պարգևավճարները՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին: Քաղաքապետը նաև գրառել է.
«Սիրելի համաքաղաքացիներ,
Իմ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդն ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։
Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջև:
Քանի որ, ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ
Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»: