Պուտինն ու Թրամփը քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում համագործակցությանն առնչվող հարցերը. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
«Երկրների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման մասշտաբների առնչությամբ և միմյանց տեղեկացրել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում ձեռնարկվող միջոցառումների մասին՝ ուղղված այս սպառնալիքին դիմակայելուն: Քննարկվել են այս ուղղությամբ երկու երկրի միջև առավել սերտ փոխգործակցության հնարավորությունները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Առաջնորդները քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող ընթացիկ իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են երկու երկրի էներգետիկայի նախարարների միջև խորհրդակցությունները շարունակելու մասին: