Բուլղարիան հետաձգում է մուտքը եվրագոտի կորոնավիրուսի պատճառով․ DW
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Բուլղարիան ստիպված է հետաձգել հուլիսին պլանավորված Փոխարժեքի եվրոպական մեխանիզմին (ERM-2) եւ Եվրոպական բանկային միությանը միանալու գործընթացը, որն առաջին փուլն է եվրագոտուն միանալու համար։ Այդ մասին երկուշաբթի՝ մարտի 30-ին, հայտարարել է Բուլղարիայի ազգային բանկի (ԲԱԲ) (Կենտրոնական բանկ) ղեկավար Դիմիտր Ռադեւը, հաղորդում է DW-ը:
Ընդ որում՝ ըստ երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի՝ հետաձգումը դեռեւս չի նշանակում հրաժարում։ Նրա խոսքով՝ հրաժարումը կենթադրեր ամբողջովին նոր ցիկլի ստեղծում, որը կարող էր տեւել ընդհուպ մինչեւ տասը տարի, որոնց ընթացքում «տնտեսության վերականգնում-կայունացում-ցածր եկամուտներ» բանաձեւը կպահպանվի։ Այդպիսի սխալը թույլ էր տրվել 2008 թվականի ճգնաժամի ընթացքում։ «Մենք չպետք է կրկնենք այդ սխալը եւս մեկ անգամ, քանի որ մարդիկ եւ բիզնեսն այս անգամ շատ ավելի թանկ կվճարեն»,-համոզված է ԲԱԲ ղեկավարը։
Այս շաբաթ Բուլղարիայի կառավարությունն ու Կենտրոնական բանկը կներկայացնեն ճգնաժամի դեմ պայքարի նոր միջոցները։ Ակնկալվում է, որ դրանք կներառեն նոր փոխառություններ ներգրավելու հնարավորությունը, ինչպես նաեւ բանկերում վարկային վճարումների հետաձգումը վարկառուների համար։
Worldometer կամավորների միջազգային խմբի տվյալներով՝ Բուլղարիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 354, դրա հետեւանքով մահացել՝ 8 մարդ։