Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսից մահվան դեպքում դիահերձում չիրականացնել
Տվյալ օրենսդրական նախաձեռնության հապճեպությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք պաթոլոգոանատոմիական ծառայություններ են մատուցում, չունեն անհրաժեշտ պայմաններ կորոնավիրուսից մահացածների դիահերձման համար: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ներկայիս պայմանները չեն համապատասխանում միջազգային պահանջներին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակման աստիճանը դեռ հայտնի չէ, դիահերձման պրոցեսը կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել, եւ պարզ չէ, թե որքան այն կարող է մնալ մարդու օրգանիզմում: Այդ պատճառով կորոնավիրուսից մահվան դեպքում դիահերձում չպետք է իրականացվի»,- պարզաբանեց Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է արդեն 3 պացիենտ: