Շևչենկո․ Իրավիճակն Իտալիայում հիշեցնում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի օրերը․ Sky Sport Italia
Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն պատմել է, թե ինչպես է հաղթահարում ինքնամեկուսացման դժվարությունները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Շեւչենկոն ապրում է Լոնդոնի արվարձանում, սակայն նշել է, որ հետևում է իրավիճակին Իտալիայում։
«Ամեն ինչ նորմալ է, ապրում եմ քաղաքից դուրս։ Արդեն 10 օր է փակված եմ տանը։ Միակ լուծումը կառավարության պահանջները կատարելն է, տանը մնալը, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան կատարել իրենց աշխատանքը, որն իսկապես ահռելի է։ Նրանք են մեր ժամանակի հերոսները։ Նրանց պետք է երախտագիտություն հայտնել։
Սրան շատ նման օրեր վերապրել եմ 9 տարեկանում, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ։ Իրավիճակն Իտալիայում հիշեցնում է ինձ այդ օրերը։
Մենք պետք է խուսափենք թեթեւամտությունից։ Մեզնից ոչ ոք չի կարող վստահ լինել, որ չի վարակվել։ Պետք է միայն մեր մասին չմտածենք, դուրս չգանք փողոց։ Տարեցների եւ այլ հիվանդություններ ունեցողների համար կարող է ճակատագրական լինել։
Բոլոր իտալացիներին մաղթում եմ առողջություն։ Ես միշտ ձեր կողքին եմ։ Միասին դուրս կգանք այս ծանր վիճակից»,- Շևչենկոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
43-ամյա Շևչենկոն իտալական «Միլանում» հանդես է եկել 1999-2006 և 2008-2009 թվականներին, «Ոսկե գնդակի» արժանացել 2004-ին։